Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։