Արմեն Թավադյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերն է։
Թավադյանը նախկին «Արարատ» հեռուստաընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսին: Համացանցից տեղեկանում ենք, որ նա Ստեփանակերտից է, 1993-ին հիմնադրել ու մինչև 2005-ը ղեկավարել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։ Արմեն Թավադյանն ստեղծել է նաև Ռուսաստանի Պետդումայի քաղաքական ղեկավարության հետ տարվող աշխատանքների կոնտակտային խումբ։
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Թավադյանը ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Նույն թվականի դեկտեմբերի 19–ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ ասվում էր, թե Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։