Հելսինկյան Ասոցիացիա

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն մի խումբ ակտիվիստների կողմից ստեղծված իրավապաշտպան կազմակերպություն է։ Այն գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում 1997թ․ ապրիլին։ Կազմակերպության հիմնադիր նախագահն է Միքայել Դանիելյանը: Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է 1975թ․ օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության համաձայնագրի» եւ կազմակերպության կանոնադրության համաձայն։ Կազմակերպությունն ունի մասնաճյուղ Վանաձորում:
Ասոցիացիան զբաղվում է մարդու իրավունքների հարցերով։ Այն չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն։ Կազմակերպության առաքելությունն է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի եւ կրոնի ազատության, խաղաղ ցույցերի եւ հավաքների իրավունքի պաշտպանությունը դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում։ Իրականացնում է նաեւ ՀՀ կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով եւ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման մշտադիտարկում:   
Հելսինկյան ասոցիացիան տրամադրում է փաստաբանական եւ իրավաբանական ծառայություններ։