Ջավախքը Հայաստանի պատմական շրջաններից է։ Հայկական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու մոտ։ Ըստ «Աշխարհացույց»-ի՝ Վերին Ջավախք գավառը մտնում էր Գուգարք նահանգի կազմի մեջ։ Այսօր Ջավախքն իր մեջ ընդգրկում է Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգը (6 շրջաններ) եւ Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը։
1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժմից հետո Ջավախքի նկատմամբ տարածքային հավակնություն հանդես բերեց մենշեւիկյան Վրաստանը։ Դեկտեմբերին Ախալքալաքի ու Լոռու համար ծագած հայ-վրացական պատերազմն ավարտվեց անգլիացիների միջամտությամբ։ Ջավախքը թողնվեց Վրաստանի հսկողության տակ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ընդառաջ գնալով գավառի բնակչության ցանկությանը, հանդես եկավ Ախալքալաքն ու հարեւան Ծալկան մայր հայրենիքի հետ միավորելու պահանջով։ Սակայն վրաց-ադրբեջանական բոլշեւիկ մեծամասնությունը, գործելով միասնաբար, 1921 թ. հուլիսին հասավ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հայկական այլ տարածքների բռնակցմանը Վրաստանին ու Ադրբեջանին։ 1921 թ. նոյեմբերի 6-ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջեւ հայ-վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվել է մինչ օրս։