Լեւոն Ալբերտի Բարսեղյանը (հունվարի 18, 1967, Լենինական) հայ լրագրող է, հասարակական գործիչ, հրապարակախոս։
Ծնվել է 1967թ․ հունվարի 18-ին՝ ներկայիս Գյումրի քաղաքում։ 1985-1987թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Սովորել է ԵՊՀ-ում եւ ստացել է երկու մասնագիտական որակավորում (երկրաբան-երկրաֆիզիկոս եւ լրագրող-ֆոտոթղթակից): 1989-1991թթ․ աշխատել է Գիտահետազոտական լեռնամետալուրգիական ինստիտուտում (ԳՀԼՄԻ) որպես կրտսեր գիտաշխատող: 1991-1992թթ․ աշխատել է Հայկաձոր գյուղում՝ որպես աշխարհագրության եւ պատմության ուսուցիչ։ Այնուհետեւ աշխատել է մեդիա ոլորտի տարբեր ընկերություններում. 1992-1994թթ․ Գյումրու «Ցայգ» ՀԸ՝ լրագրող, խմբագիր, փոխտնօրեն, 1995-2002թթ․՝ «Շանթ» ՀՌԸ եւ «Շանթ» շաբաթաթերթ՝ լրագրող, հաղորդավար, խմբագիր, ռադիոկայկանի տնօրեն եւ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 1995-1998թթ․ եղել է «ՏՄ» ռադիոկայանի խմբագիր, հաղորդավար: 1999-2000թթ․ մի խումբ անձանց հետ հիմնադրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը եւ մինչ օրս որոշակի ընդմիջումով այդ կազմակերպության խորհրդի նախագահն է։
2012թ․ մեծամասնական համակարգով ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Ավագանու անդամ է եղել 2012-2016թթ․: 2016թ․ հոկտեմբերի 2-ին «ԳԱԼԱ» կուսակցության համամասնական ցուցակով է ընտրվել, սակայն լիազորությունները չի ստանձնել մինչեւ 2017 թ. ամառը։ «ԳԱԼԱ», ԲՀԿ եւ ՀՎԿ կուսակցությունների կողմից Գյումրու ավագանու նիստերի բոյկոտի ավարտից հետո ավագանու անդամի լիազորությունները ստանձնել է 2017 թ. սեպտեմբերից: