Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։
2023 նոյեմբերի 19-ին լրացավ Հայկուհի Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Նա հայտ ներկայացրեց ԿԿՀ թափուր դառնալիք պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու համար, եւ մրցութային խորհուրդը հաստատեց նրա թեկնածությունը: Ազգային ժողովը, սակայն, նրան այլեւս չընտրեց։
ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարողն այժմ ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանն է։