Արա Սայենի Բաբլոյանը (մայիսի 5, 1947, Երեւան) ՀՀ ԱԺ նախկին նախագահն է (2017-2018), մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ 1965-1971 թթ․ սովորել է ԵՊԲԻ մանկաբուժական ֆակուլտետում։ 1970-ին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում, 1972-ին՝ Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ։ 1977թ, Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1982թ․ նշանակվել է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։ 1987-ին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989-ին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006թթ․՝ ամբիոնի վարիչ։ 1989թ․ անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում։ 1990-ին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։ 1991-1997թթ․ եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003-ին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006թ․ ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։ 2007-ի մայիսի 12-ին եւ 2012թ․ մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, եղել է ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017-ին կրկին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։ 2017-2018թթ․ եղել է ԱԺ նախագահը։ 2019-ից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է ՍԴ լիազորություններին տիրանալու եւ պաշտոնեական կեղծիքի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ։ Այնուհետեւ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եղրակացությունը հաստատելու համար։ Գործի նախաքննության նխատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, եւ այն հետ է ուղարկվել Հատուկ Քննչական Ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։