Վիկտոր Ենգիբարյան

«Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր, Եվրոպագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Ծնվել է 1981թ․ հուլիսի 11-ին։ Սովորել է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Ուսումը շարունակել է Բոխումի Համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում։ Ստացել է եվրոպագիտության եւ տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարման մասնագետի որակավորում։ 2003 թվականին անցել է Հագենի հեռակա համալսարանի, ապա 2011 թվականին Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնի վերապատրաստման ծրագիրը։ 2004-2005 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրի ականադաշտերի քարտեզագրող։ Նա 2018 թվականին եղել է Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ։ 2011 թվականից Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական անդամ է։ 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» խմբակցությունից դարձել է Երեւանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։ Մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։