Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ, ՀՀ Զինված Ուժերի պահեստազորի գնդապետ։
Ծնվել է 1970 թվականի հուլիսի 28-ին Մարտունի քաղաքում։ Ավարտել է Մարտունու Ս. Դարբինյանի անվան N3 միջնակարգ դպրոցը։ 1987-1992 թթ․ սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1994 թվականի ապրիլ-հունիս ամիսներին եղել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի օգնական-իրավական հարցերով սպա, 1998 թվականին՝ ՀՀ զինվորական քննիչ։
1999-2000 թթ․ աշխատել է որպես ՀՀ ՊՆ Անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության ավագ սպա-իրավաբան, 2000-2002 թթ․՝ ՀՀ ՊՆ Արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության բաժանմունքի պետ։ 2002-2003 թթ․ եղել է ՀՀ ՊՆ Սպաների որակավորման բարձրացման դասընթացի դասախոս։ 2004-2008 թթ․՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ։ 2008-2013 թթ․ աշխատել է ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ-ինստիտուտի իրավաբան։ Հանդիսանում է Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության փոխնախագահ, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ղեկավարներից։ 2016 թ․ հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբավորման կազմում մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի գրավմանը։ Խմբի մյուս անդամների հետ ձերբակալվել է։
2018 թ․ հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 17-ին խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել։ 2018թ․ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու՝ գլխավորելով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը։