Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան - ՀԱՊՀ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) իրավահաջորդն է, որը ստեղծվել է 1933թ. Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ:
1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:
ՀԱՊՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում: Համալսարանին կից գործում են նաև ՀԱՊՀ Քոլեջը և Ավագ դպրոցը: 
Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 4 հիմնական կրթական ծրագրեր` միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ հետազոտողի որակավորման աստիճանների շնորհմամբ։