Արթուր Մեսչյան

Հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ 1968-1979 թվականներին՝ «Առաքյալներ» ռոք-խմբի հիմնադիր և առաջատար, 2018-2020 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ։
Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև երգել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին՝ մոտ մեկ տարի, Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։