ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է։ Այն իրեն համարում է «Ազգային միացյալ կուսակցության» գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 1997թ. նոյեմբեր ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որի մահվանից հետո՝ մինչեւ 2007թ. մարտ ամիսը, կուսակցությունը ղեկավարում էր Անդրանիկ Մարգարյանը, այնուհետեւ՝ մինչ օրս, Սերժ Սարգսյանը։
 
1990թ. ընտրված Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ներկայացված էր մեկ պատգամավորով՝ Աշոտ Նավասարդյան, 1995թ. ընտրված առաջին գումարման Աժ-ում՝ 5 պատգամավորով, 1999թ. ընտրված երկրորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ն երեք տասնյակ պատգամավորներ ուներ: 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո վարչապետ նշանակվեց ՀՀԿ ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Ավելի ուշ` 2000թ. մայիսին, ՀՀ վարչապետ նշանակվեց ՀՀԿ խորհրդի նախագահ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն խորհրդարանում ուներ ամենամեծ խմբակցությունը` 40 պատգամավոր:2006թ. հուլիսին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հռչակեց իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն։ Համագումարի որոշմամբ վերականգնվեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, որը հանվել էր 2005թ.։ ՀՀԿ խորհրդի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։2007թ.՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, ՀՀԿ նախագահի պարտականությունները ստանձնեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլի 4-ին նա նշանակվեց նաեւ ՀՀ վարչապետ:2007թ. մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվեց ՀՀԿ խմբակցություն՝ 64 պատգամավորով: ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: 2008թ. փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 
2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյուքներով մայիսի 31-ին ստեղծվեց ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ՀՀԿ խմբակցությունը, որում ընդգրկված 69 պատգամավորներից 53-ը ՀՀԿ անդամներ էին։
2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ Նախագահ: 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀԿ-ն մասնակցեց 2018թ․ դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։
ՀՀԿ-ն 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Հայրենիք» կուսակցության հետ մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքով, որը 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր։