Ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք. Հայկ Մարության |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններում 3-4 անգամ աշխատանքների ծավալները մեծացել են, և նոր հաստիքների անհրաժեշտություն կա: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի հաստիքների օպտիմալացման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եթե դուք ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստքիները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Մենք ճարտարապետականով պետք է բարձրացնենք, իրավաբանական վարչությունում, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնենք:

Այդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք: Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Բայց, այո, օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, կարող է մի պահ գալ, որ հաստիքների ավելացում լինի: Այս պահին այս հաստիքացուցակը որ կա, շատ մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են»,- ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ այս պահին չկա ոչ մի դիմում, որն օրենքից դուրս կամ նորմերի խախտմամբ է մշակվում, իսկ դա շատ ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում:

Ավագանու Լույս խմբակցությունը առաջարկել էր կրճատել նաև Երևանի քաղաքապետի խորհրդականների հաստիքները: «Բայց այսօր դահլիճում տեսնում ենք երկու նոր խորհրդական, անակնկալ էր, նոր տեսանք դահլիճում»,- ավագանու նիստում ասաց խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Երկու խորհրդական չէ, մեկն է»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նիստում ներկայացրեց, թե ինչ կրճատումներ են եղել հաստիքացուցակում և ինչ նոր հաստիքներ են ավելացել:
Նրա խոսքով՝ փոփոխություններով պայմանավորված՝ վերջնական արդյունքում նախատեսվում է Երևան համայնքի բյուջեի միջոցների խնայողություն՝ 215 մլն դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով