«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարդացեք «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը․ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր են հարգել օրենքը և ենթարկվել օրենքին, հարգել հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս»։
Հիմա նայեք էս տեսանյութը։ Մենք այլ կերպ ենք պատկերացնում մեր ներկայացուցչական մարմնի անդամներին։ Դրա մասին հրապարակային ասել ենք ու դիմել տարբեր ատյանների։ Արձագանքները հետևյալն են․
– ԱԺ նախագահը նույնիսկ չի բարեհաճել պաշտոնապես պատասխանել դիմումին
– «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել ա, որ նպատակահարմար չեն գտնում էս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծել
– «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել ա, որ մինչև քաղաքական մեծամասնությունը չհամաձայնի, իրենց քայլ անելն անիմաստ ա (եթե «ԻՔ»-ն ա որոշելու, իրենց ընդդիմադիր հռչակելն ինչ իմաստ ուներ՝ անհասկանալի ա)
– ՀՔԾ-ն ակնհայտ հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժեց
– Դատախազությունը մերժեց ընթացք տալ ՀՔԾ որոշման մեր բողոքարկմանը
– Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապօրինաբար մերժեց էդ հարցի մասին եզրակացություն տալ։
Արդյո՞ք սրանով կարելի ա ասել, թե հարցը փակուղի ա մտել։ Իհարկե՝ ոչ։ Մենք, ի վերջո, հասնելու ենք էս չարիքի արմատախիլ արվելուն։ Հիմա ուղղակի արձանագրենք, թե ովքեր ու ոնց են ատամներով պահում հին քաղաքական համակարգի ամենաարատավոր ավանդույթները։»