arm.sputniknews.ru: Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար միասին դիմել ԵԱՀԿ–ին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, և դա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով` եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, կնշանակի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են:
Ըստ Ադրբեջանի նախագահի` Մինսկի խումբը 28 տարի շարունակ սառեցրել է ղարաբաղյան խնդիրը։