Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին»,- գրել է Ավինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի կեսգիշերից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ տեղումներից և Դեբեդ, Աղստև ու Տաշիր գետերի վարարումներից։
Այս պահին հայտնի է մեկ զոհի մասին, ևս մեկ քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մի շարք բնակավայրեր ջրածածկ են, փլուզվել են կամուրջներ։ Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի։
Փակ են հետևյալ երթուղիները․
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
Այլընտրանքային երթուղիներն են.
– Հայաստան – Վրաստան միջպետական երթուղու համար`
1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան
– Հայաստանի ներհանրապետական երթուղու համար.
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան