Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 17-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերը։
Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է բժիշկների հետ, ապա «Նեմեսիս» հուշակոթողի մոտ հանդիպել է դասախոս-գիտնականների հետ։
Վերջին հանդիպումից հետո Սրբազանը և հավաքի մասնակիցներրը շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որպեսզի ամփոփեն այսօր տեղի ունեցած իրադարձությունները և քննարկեն հետագա անելիքները։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այս մեկ շաբաթում նպատակ ուներ հանդիպել բոլոր մասնագիտական համայնքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնեց, որ մայիսի 18-ին հանդիպում կունենա քաղաքական կուսակցությունների և տարբեր այլ խմբերի ներկայացուցիչների հետ, ապա մշակութային գործիչների, ինչպես նաև պահեստազորի սպաների հետ։
«Բոլորի հետ հանդիպելուց հետո շուտով մեծ հանրահավաք ենք կազմակերպելու, և որոշակիորեն ասելու ենք, թե ինչ է տեղի ունենալու»,-ավելացրեց նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը կրկին խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին՝ պահանջելով կասեցնել այն։
«Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքական գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չէ: Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից: Մենք ապաքինման, խնամքի, լայն հասարակական հաշտության կարիք ունենք, և այդ խոչընդոտը պետք է վերացվի։ Կիրակի օրը տեղյակ կլինեք, թե ի՞նչ է տեղի ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մենք մի քանի օրվա անելիք ունենք և այդ անելիքները մայիս ամիսը կդարձնեն շատ լավ ամիս»,- ասաց Սրբազանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա վաղը ժամը 19։00-ին։