5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով

Կառավարության մոտ մայիսի 16-ին անցկացված բողոքի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։

Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն (Վահագն Չախալյան-խմբ․), չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։

Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոշում է կայացվել՝ առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով