Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է՝ «մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ»։
«72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։
Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար», – ասված է գրառման մեջ։