panarmenian.net։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթի բարեփոխման նոր ծրագիրը, որը ենթադրում է «գրին քարտի» խաղարկության չեղարկում:
Ամեն տարի ԱՄՆ կառավարությունը խաղարկություն է կազմակերպում, որի նպատակն է խթանել ներգաղթը: Մասնակցությունը խաղարկությանն անվճար է, հաղթողներին ընտրում են պատահականության սկզբունքով: Նրանց տրամադրվում է կացության և աշխատելու իրավունք:
Թրամփի թիմն ուսումնասիրել է զարգացած երկրների միգրացիոն համակարգերն ու պարզել է, որ միգրանտների 12 տոկոսն ԱՄՆ է տեղափոխվել աշխատանքի տեղավորման և հատուկ ունակությունների առնչությամբ: Կանադայի համար նման ներգաղթյալների թիվը 63% է, Նոր Զելանդիայի համար՝՝ 57%, Ավստրալիայի՝ 68%, գրում է «Վեդոմոստին»:
Թրամփի ներգաղթի քաղաքականությունը նպատակ ունի ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Նրանց հայտնաբերելու նպատակով առաջարկվում է ներմուծել միավորների համակարգ, որի նմանն օգտագործում են Կանադան և այլ երկրները:
Նախապատվությունը տրվելու է երիտասարդ մասնագետներին, որոնք պահանջարկ ունեցող հմտություններ ունեն, աշխատանքի առաջարկ կամ սեփական բիզնեսը ստեղծելու ծրագրեր:
«Եթե այդ ծրագիրն ընդունվի, այն կդառնա Ամերիկայի հպարտությունն ու նախանձի առարկան ամբողջ աշխարհի համար»,-ասել է Թրամփն իր ուղերձում: