lragir.am։ Կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքի հիմնական արդյունք է համարվում այն, որ տնտեսական գործունեության ոլորտներում մուտքն ազատ է: Այս մասին «Տնտեսական հեղափոխություն. հիմնարար ուղենինշերը Հայաստանում» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Երկրորդ, երկրում մրցակցային պայմանները հավասար են: Այս երկու կարևոր նախադրյալները պետք է տնտեսվարողների համար լինեն այն հիմնական ազդակը, որ ժամանակն է ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում, ժամանակն է դառնալ ավելի մրցունակ և ժամանակն է երկարաժամկետ առումով ամրապնդել դիրքերը թե ներքին տնտեսության, և թե արտաքին շուկաներում»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտում ներդրումների մասին գիտաժողովին մասնակցող մասնագետների առաջարկներին՝ նախարարն ասաց, որ տեխնոլոգիական ճեղքը տարբեր ոլորտներում նույնը չէ: Ավելի ցածր արտադրողականություն կա հատկապես գյուղատնտեսության բանագավառում:
«Շատ կարևոր է խոսել՝ ինչպես նաև արտադրել տեխնոլոգիաներ, ոչ թե աշխարհում առկա տոխնոլոգիաները ինտեգրել մեր տնտեսությունում առկա տարբեր ոլորտներ: Հետագայում պետք է շարունակենք այս երկխոսությունը և գտնենք այդ լուծումները»,- հավելեց նախարարը: