Նարեկ Մկրտչյանն ու Աննա Մարիա Շիկոն քննարկել են ԼՂ-ից տեղահանված երեխաների ամառային արձակուրդը Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին։ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, զբաղվածության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությանը։ 

Ներկայացնելով տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է նաև վերջիններիս կենսապայմանների բարելավման և զբաղվածության ապահովման կարևորությունը։ Այս համատեքստում դիտարկվել է իրականացվող մի շարք ծրագրերում հունգարական կողմի ներգրավման հարցը։     

Աննա Մարիա Շիկոն ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացում։ Դեսպանի առաջարկով՝ քննարկվել է տեղահանված երեխաների հանգիստն ամառային արձակուրդների ընթացքում Հունգարիայում կազմակերպելու հնարավորությունը։ Նախարար Մկրտչյանը ողջունել է դեսպանի առաջարկը և նշել, որ նմանօրինակ ծրագիր արդեն իսկ իրականացվել է Սլովենիայի և Կիպրոսի հետ, որի շրջանակում ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաները հնարավորություն են ունեցել այցելել տվյալ երկրներ ու մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր միջոցառումների։   

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով