Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի պարետ:
Կոչումով գեներալ-մայոր Սաֆարովը ծնվել է 1973 թվականին Սումգայիթում։ Մինչ այժմ զբաղեցրել է Ադրբեջանի ՆԳՆ հանրային անվտանգության գլխավոր վարչության պետի պաշտոնը։
Հիշեցենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը։
Ավելի ուշ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքեց տեղեկությունները, թե իր հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։
«Իմ ունեցած տեղեկություններով նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները Երևանում են, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց, թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․ բառեր չեմ գտնում ասելու»,- ասել էր նա «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշելով, որ Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, Ստեփանակերտում են։