civilnet.am: Հայաստանի պաշտպանական բյուջեն 2024 թվականին կավելանա մոտ 10 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք 2024 թվականի Հայաստանի պետական բյուջեի ուղերձից։
2023-ին ՀՀ ռազմական բյուջեն կազմել էր 505,8 մլրդ դրամ։ 2024-ին այն կկազմի 555 մլրդ դրամ։ Ընթացիկ ծախսերի աճը կավելանա 37,7 մլրդ դրամով։ Պաշտպանական բյուջեի ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ուղղություններով՝ պաշտպանության ապահովում ծրագիրը, ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ, ռազմական ուսուցում և վերապատրաստում, միջազգային ռազմական համագործակցություն, հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ։
Պաշտպանության ապահովման ծրագիրը կավելանա 37,1 մլրդ դրամով ու կկազմի 550 մլրդ դրամ։ Ռազմաբժշկական սպասարկման ու առողջապահական ծառայությունների գծով նախատեսվել է 2,6 մլրդ դրամ, ռազմական վերապատրաստման ու ուսուցման գծով՝ 1,1 մլրդ դրամ, միջազգային ռազմական համագործակցության ծրագրով՝ մոտ 795 մլն դրամ։ Մոտ 500 միլիոն դրամ էլ կուղղվի հումանիտար ականազերծմանը։