Ինչ է քննարկվել Եվլախում կայացած հանդիպմանը՝ ըստ ադրբեջանական կողմի

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել Արցախի պատվիրակության հետ այսօր Եվլախում տեղի ունեցած հանդիպումից:

Մասնավորապես, հանդիպումը գնահատվել է «կառուցողական», միջավայրը՝ «դրական»: Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը «քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրացիայի, ենթակառուցվածքների վերականգնման և դրանց աշխատանքի կազմակերպման վերաբերյալ հարցերի շուրջ»:

Ադրբեջանական կողմի ներկայացուցիչը ներկայացրել է ռեինտեգրացիայի շուրջ ծրագրերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հաջորդ հանդիպումը անցկացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ երեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժամը 13։00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Այնուհանդերձ, դրանից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար շարունակել եւ շարունակում է կրակ արձակել։

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ համաձայնություն էր ձեռք բերվել դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Միաժամանակ որոշվել էր, որ վերաինտեգրման հարցերը կքննարկվեն տեղի հայ բնակչության հետ հանդիպման ժամանակ։

Այսօր արդեն Եվլախում կայացել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպումը։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել էր Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Արցախյան կողմից հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով