Մինչև այժմ չենք լսել ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, ու մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք արվում ենք այս մղումներից ելնելով։

 

Այս մասին Բելգիայի ու ՀՀ-ի արգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում ո՞ր կողմի՝ եվրոպական, ամերիկյան, թե՞ ռուսական կողմի միջնորդությունն է Հայաստանի համար ավելի արդյունավետ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում՝ նախագահ Միշելի միջնորդությամբ։ Ինքս մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ, հանդիպումներ ենք ունենում նաև Մոսկվայում և՛ երկրների ղեկավարների, և՛ նախարարների մակարդակով։

 

Վերջերս այդպիսի հանդիպումների եմ մասնակցել և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում։ Մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։ Ցավոք սրտի, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում ձեռք է բերվում պայմանավորվածություն, հետո գետնի վրա այդ պայմանավորվածությունը չենք տեսնում։ Օրինակ, մինչև այժմ մենք չենք լսել ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդպումների ընթացքում»,- ասաց նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ այս հանգամանքը ՀՀ-ի համար խիստ մտահոգիչ է։

«Սա կարող է վկայել այն բանի մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից։ Ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ գործընթացներին։ Մինչ մենք խոսում ենք այն մասին, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, ու առանց դրա իրատեսական չէ ակնկալել երկարատև, կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ տարածաշրջանի ու ժողովրդին պաշարում, սովամահության դրդում, անհրաժեշտ դեղորայքից զրկում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Վերջինս ընդգծեց, որ ՀՀ-ն տարբերություն է դնում ոչ թե բանակցային հարթակների, այլ մեթոդների միջև, ու կարևորում է պայմանավորվածությունների կյանքի կոչումը։

«Մենք մեր միջազգային գործընկերներից ու միջնորդներից ակնկալում ենք հոգ տանել այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- հավելեց ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով