Այսպես կոչված, «ազատագրված տարածքներում» Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բաց է հումանիտար բեռներ տեղափոխելու համար, եւ «այն օգտագործելուց հրաժարվելը լիովին անհասկանալի է»։
«Այստեղ միայն մեկ նպատակ կա՝ քաղաքական շոու և քաղաքական շահարկումներ։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Աղդամ-Խանքենդի ճանապարհը բաց է բեռնափոխադրումների համար»,- ասել է Էմին Հուսեյնովը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով կփոխանցվի արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ։
Ավելի ուշ բեռնատարները հասան Կոռնիձորի սահմանային հատված։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի անդամ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ մինչ Կոռնիձոր հասնելը կապ են հաստատել ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ, որպեսզի նրանց միջոցով բեռները տեղափոխվեն Արցախ, սակայն այս պահին պատասխան դեռևս չկա։