Արցախում ապրողները մեր հայրենակիցներն են, ուրեմն յուրաքանչյուրս անելիք ունենք. ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է պարենի հավաքագրումը

Շատերիդ մոտ հակասական զգացումներ առաջացած կլինեն Երեւանում քայլելիս, երբ Հանրապետության հրապարակում հնչում է Անդրե Ռյոյի ոգեղեն երաժշտությունը, ցայտաղբյուրների մոտ ուրախանում են մարդիկ, իսկ նրանց կողքով մի քանի տասնյակ այլ քաղաքացիներ ՀՀ ու Արցախի դրոշներով շարժվում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ պահանջելու հումանիտար բեռներ տեղափոխել Արցախ, որ մեր մյուս հայրենակիցներն այնտեղ սովամահ չլինեն։

Երեւանում շարունակվում է «Բացում/Opening» նախաձեռնության կազմակերպած «Տան առեւտուր՝ Արցախի համար» ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Մարդիկ հումանիտար բեռներ են հավաքում կազմակերպության բակում, որպեսզի խնդրեն, պահանջեն, եթե կուզեք՝ ստիպեն, որ ՄԱԿ-ը իր World Food Programme ծրագրի շրջանակում պարենը հասցնի Արցախի Հանրապետություն, որը Հայաստանին կապող միակ ճանապարհն ավելի քան յոթ ամիս է՝ փակ է, իսկ հունիսից այնտեղ առհասարակ սնունդ չի մտնում։

«Բացում» նախաձեռնության անդամ Հասմիկ Իսրայելյանն այսօր նշեց, որ յուրաքանչյուրը կարող է մի փոքրիկ բան գնել, չփչացող ապրանքներ ու տանել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ․ այնտեղ շուրջօրյա հերթապահություն է։ Նա հայտնեց, որ այսօր մեր հայրենակիցներն ակցիա են կազմակերպել Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով WFP ծրագրի շրջանակում կատարել իրենց լիազորությունները։ Իսրայելյանը դիմեց աշխարհի տարբեր ծայրերի հայ համայնքներին, որ նրանք էլ իրենց երկրներում բարձրացնեն այս հարցը, միանան շարժմանը․

«Արցախը որեւէ մեկի սեփականությունը չէ, Արցախը բոլորինս է, Արցախում ապրողները մեր հայրենակիցներն են, ուրեմն յուրաքանչյուրս անելիք ունենք։ Եւ սա համամարդակային խնդիր է․ մի շարք հիմնարար իրավունքներ են խախտվում, մեր հայրենակիցները սովի են մատնված»։

Նախաձեռնության անդամ Արման Վարդանյանն էլ, դիմելով մեր քաղաքացիներին, որոնք ժամը յոթին հավաքվել էին Ազատության հրապարակում, հայտարարեց, որ աշխարհում ամենազորեղ ուժը քաղաքացիական շարժումն է՝ համերաշխության հիմքի վրա․

«Համերաշխությունը մտավոր աշխատանք է, այն պիտի լինի գիտելիքահեն, դրա համար խնդրում եմ մտածել այս հարցի մասին, հենց այնպես վանկարկումներով չի լինի լուծումը, մեր ուժը մտածված, ծրագրավորված քայլերով հզոր քաղաքացիական շարժման մեջ է, մենք կարող ենք ցնցել ամբողջ աշպարհը»,- ասաց Վարդանայնը՝ դիմելով բոլոր ժամանակների բոլոր քաղաքացիական շարժման իր ընկերներին՝ հանրայնորեն կոչ անելով միանալ։ Վարդանյանն այն կարծիքին է, որ մեր այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն միացել շարժմանը, մեղադրել պետք չէ, պետք է արթնացնել նրանց մոտ մեր հայրենակիցներին աջակցելու զգացումը միայն համերաշխության միջոցով։

Ռեժիսոր Լիաննա Մարտիրոսյանն էլ ելույթ ունեցավ՝ դիմելով բոլոր իրավագետներին, միջազգայնագետներին, քաղաքագետներին, մշակությային գործիչներին՝ կոչ անելով միանալ ու նշելով, որ այս իրավիճակում լռություն պահպանելը պարզապես հանցագործություն է հայ հանրության հանդեպ։ Նա նշեց, որ մենք պետք է միավորվենք ու իրացնենք մեր իրավունքները․ «Մենք ունենք փաստաթղթային իրավունքներ։ Իրավունքը գործում է, եթե դու կարողանում ես օգտագործել, իսկ մեր իրավագետները, պատգամավորները, կառավարությունը չեն ուզում օգտագործել էդ փաստաթղթերը»,- ասաց նա՝ նշելով, որ այստեղ էլ անելիք ունենք ու պիտի պահանջենք՝ այդ իրավունքներն իրացնել։ 

«Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյան էլ քաղաքացիներին կոչ արեց երկուշաբթի՝ հուլիսի 24-ին, ժամը 12-ին հնարավորինս շատ մարդկանցով ներկա լինել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ՝ խնդրանք ու պահանջ ներկայացնելու կազմակերպությանը։ 

Նշենք, որ նախաձեռնությանն առաջարկներ կարող են անել ՀՀ բոլոր քաղաքացիները, այն բաց հարթակ է, եւ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք կարող են իրենց մտքերն ու խորհուրդները հնչեցնել։ Դրա կարիքը կա՝ այս բարդ իրավիճակում ելքեր գտնելու համար։

Հայարփի Բաղդասարյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով