tert.am: Վերջին շրջանում փոխհրաձգության ակտիվացումը և Երասխի իրադարձությունները մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են՝ ակտիվ բանակցային գործընթացին։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել։
«Երեկվա միջադեպը հատկանշական է նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են թիրախավորել, թիրախավորել են գործարանը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան ու, որը չափազանց կարևոր պրոյեկտ է ՀՀ-ի համար։ Մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին, ես գիտեմ, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ևս պարբերաբար հաղորդում է սրա մասին, ենթադրում եմ, որ երեկվա վերաբերյալ ևս եղել է դիտարկում»,- ասաց նա։
Խանդանյանն ընդգծեց, որ այս ագրեսիան զսպելու լավագույն միջոցը խաղաղությունն է։
«ՀՀ-ն արել է առավելագույնը ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունը այս գործընթացին, սա ակնհայտ է նաև մեր միջազգային գործընկերների համար»,- ընդգծեց Խանդանյանը։