Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:
Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
«Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:
Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:
107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։