armenpress.am: Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախնական տարբերակը պատրաստ է, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր ելույթում:
«Ակադեմիական քաղաքը երևի թե ամենահավակնոտ, բայց ամենակարևոր ծրագրերից է: Մեր նախնական պատկերացումներով այստեղ կարող են լինել շուրջ 44 հազար ուսանողներ, դասախոսներ: Այսինքն՝ մենք խոսում ենք շատ մասշտաբային մի ծրագրի մասին»,- ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով պետությունը պլանավորել է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերներից․ «Հայֆիլմի» տարածքում պլանավորում ենք արվեստների կլաստերը, Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում պլանավորում ենք տեխնոլոգիական կլաստերը: Ունենալու ենք նաև երրորդ կլաստերը»։
Անդրեասյանը կարծում է, որ երրորդ կլաստեր կարող են տեղափոխվել նաև որոշ միջպետական բուհեր, որոշ միջազգային բուհեր: Քննարկվում է, որ այդ տարածքում կարողանան իրականացնել նաև ազգային ստադիոնի կառուցման ծրագիրը:
Անդրադառնալով ժամանակացույցին՝ նախարարն ասաց. «Այս պահին ստեղծում ենք ծրագիրն իրականացնող կառույցը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը: Ես կարծում եմ, որ հիմնադրամի ստեղծումն օրերի հարց է, որն իր վրա կվերցնի բոլոր նախապատրաստական, իրականացման, նաև հետագա կառավարման աշխատանքների պլանավորումը»:
Անդրեասյանը հիշեցրեց, որ վարչապետի որոշմամբ դեռ նախորդ տարի ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը երկար աշխատանք է տարել: Խոշորացված բուհերը՝ գիտահետազոտական գործառույթի հետ միասին, կտեղակայվեն արդեն Ակադեմիական քաղաքում՝ կլաստերային տրամաբանությամբ:
«Հայեցակարգի նախնական տարբերակն ունենք, այն պետք է հաստատված լինի մինչև սեպտեմբեր»,- նշեց նախարարը: