Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ակցիա է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, ասաց, որ հավաքվել են մտահոգ քաղաքացիներով՝ «տեսնելով, որ իշխանության գործողությունները թերի են»։ Նա նշեց, որ աշխարհի հանրության ուշադրությունը այս պահին Լեռնային Ղարաբաղի վրա է՝ մասնավորապես հիշեցնելով Եվրադատարանի որոշումը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը։
Նրա խոսքով՝ ՌԴ դիրքորոշումը իրենց դուր չեկավ, որովհետև երկակի էր․ «Ինչն է մեր անելիքը․ նախ մենք՝ որպես հանրություն, պետք է ցույց տանք մեզ, որ աշխարհը տեսնի, որ այստեղ իրոք երեխաներ են ապրում, իրոք, զինված խմբավորումներ չեն, այլ խաղաղ բնակչություն է»։
Պետրոսյանը նշեց, որ ավելի լայնամասշտաբ ակցիա իրականացնելու համար Արցախի իշխանությունների հետ քննարկումներ են ունեցել, բայց, նրա խոսքով, ինչ-ինչ պատճառներով այդ ակցիան ձգձգվում է․ «Ասում են՝ ձայնային լավ ապարատուրա չկա»։
Նա ասաց, որ իրենց առաջարկն է տարբեր լեզուներով գրվածքներով պաստառներ վերցնեն և դուրս գան փողոց շաբաթ օրը։
«Երկրորդ քայլը․ մենք տեսնում ենք, որ մարդկային առումով ադրբեջանցիները սխալ են։ Այդ «էկոակտիվիստները» սխալ են գործում մարդկային առումով, որովհետև ցանկացած երկրի ցանկացած մարդ դա մարդկային առումով հասկանում է։ Մենք պետք է այդ առիթը բաց չթողնենք։ Պետք է քաղաքացիական մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, մի քանի հոգով բարձրանանք ու այդ «էկոլոգների» հետ մարդկային ձևով փորձենք խոսել։ Անպայման պետք է նկարահանենք, որ աշխարհի ցանկացած կետում տեսնեն, որ մարդկային առումով մենք ճիշտ ենք։ Մեր առաջարկն այն է, որ վաղը (այսօր՝ դեկտեմբերի 23-ին- խմբ․) այդ ակցիան իրականացվի»,- հայտարարեց Տիգրա Պետրոսյանը։
Երրորդը, ակցիայի մասնակցի խոսքով, անվտանգությունն է․ «Մենք տեսնում ենք, որ անվտանգությունը թերի է։ Քայլեր չեն ձեռնարկվում։ Մենք տեսնում ենք տարբեր խմբավորումներ, ջոկատներ։ Մենք տեսնում ենք, որ 92 թվականին տարբեր ջոկատները միացնելով, մեկ ջոկատ դարձնելով՝ կառույցը շատ ավելի ընդունակ է հաղթանակներ կերտելու։ Եվ մեք պետք է այս առումով մեր բոլոր ջոկատները հիմա միավորենք, որ հետո խոսենք անվտանգությունից, որովհետև այս վիճակում անվտանգության մասին խոսելը իմաստ չունի։ Նաև հանրությանը նման վիճակի գցելը պետական մակարդակով, հավի ճտեր են փորձում մեզնից սարքել․ սա սխալ քաղաքականություն է»։
Եվ չորրորդն ու, ըստ Պետրոսյանի, ամենակարևորն այն է, որ «ունեն պարտված իշխանություն», և նրա խոսքով՝ ներկա քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս, որ իրենք Արցախում ժողովրդավարական ընտրություններ անցկացնեն․ «Առաջարկս այն է, որ հիմա որևէ մեկը անհատապես իրավունք չունի որոշումներ կայացնելու։ Իսկ այն կառույցները, որոնք հիմա որոշումներ են կայացնում, թերի, սխալ որոշումներ են կայացնում։ 20 թվականին մեր երկիրը շատ ավելի հզոր էր, քան հիմա։ Թույլ տալ շարունակել նման գլոբալիստական քաղաքականությունը, նշանակում է հանձնել Արցախը։ Եթե դա եք որոշել, վեր կացեք, դուրս եկեք։ Եթե ոչ, որպես ազգ չպետք է թույլ տանք՝ մեր իշխանությունը նման քայլեր ձեռնարկի։ Առաջարկում եմ ստեղծել արտակարգ կոմիտե»։
Նա կոչ արեց շաբաթ օրը՝ ժամը 3-ին, դուրս գալու փողոց պաստառներով։ Իսկ դեկտեմբերի 23-ի առավոտից գնալ բանակցելու ադրբեջանցի «բնապահպանների» հետ։
Լուսանկարները՝ Արարատ Պետրոսյանի թելեգրամյան ալիքից