Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը այսօր ուղիղ եթերի ընթացքում դիմեց արցախցիներն․ «11-րդ օրն է՝ մենք բլոկադայի մեջ ենք։ Ես գիտեմ, որ ձեր հոգեբանական վիճակը շատ ծանր է, որովհետև մի մասի մոտ կուտակվել է էմոցիաներ, էներգիա և ագրեսիա, թե ինչու ոչ մի բան չի արվում, մյուսների մոտ, որոնք հույս ունեին, որ սա շատ արագ է վերջանալու, դեպրեսիա է սկսվել և դա հասկանալի է»։
Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անում են իրավիճակը հնարավորինս արագ փոխելու և լուծումներ գտնելու․ «Մյուս կողմից էլ հասկանում ենք, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որ մեր արժանապատվությունը չկորցնենք»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ նշելով՝ գիտի, որ իրավիճակը իսկապես ծանր է։
Նա հիշեցրեց, որ շատ ընտանիքներ ադրբեջանական բլոկադայի հետևանքով բաժանվել են․ «Ցավոք սրտի, ունենք մի քանի մարդ, որոնք մահացել են ու մենք դիակները չենք կարողանում բերել Արցախ, ունենք խնդիրներ, երբ ընտանիքները բաժանված են։ Սա արդեն 11-րդ օրն է, և դառնում է լուրջ ու երկարաժամկետ խնդիր»։
Վարդանյանը ընդգծեց, որ պատասխանատու են, պատրաստ են ու աշխատում են․ «Չենք թողնելու ոչ ոքին այս ամենը ինչը դարձնել քաոս։ Անպայման որոշումները լրատվական միջոցներով ձեզ հայտնելու ենք, որ դուք հասկանաք՝ մենք ինչ ենք անում»։
Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: