Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է տեղեկությունները, որ Իրանը փակել է Նախիջևանից Բաքու ճանապարհը

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հերքել է տեղեկությունները, ըստ որոնց՝ Իրանը փակել է Նախիջևանից Բաքու ճանապարհը։ Այս մասին նա հայտնել է news.am-ին տված կարճ հարցազրույցում։

Դեսպանը անդրադարձել է նաև Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ արդեն 10-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են միջանցքը, և Արցախի կապը Հայաստանի հետ կտրված է։

«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը մշտապես բարձրաձայնել են Իրանի պաշտոնյաները՝ հարգել տարածքային ամբողջականությունը և երկրների ինքնիշխանությունը։ Իրանի միշտ մատնանշել և կարևորել է հումանիտար հարցերը, որոնք Լաչինի միջանցքի փակման արդյունքում առաջացել են, և դա շատ կարևոր է։ Խնդիրների լուծման լավագույն եղանակը բանակցություններն են և բարիդրացիական պայմաններում բանակցություններ վարելը և ուշադրություն դարձնել հումանիտար հարցերին»,- նշել է Աբբաս Բադախշան Զոհուրին։

Մի քանի օր առաջ էլ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հույս էր հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը արագ կլուծվի։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա»,- նշել էր նա։

Անդրադառնալով Ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե Իրանի ներկայացուցիչները մի քանի անգամ անօրինական կերպով այցելել են Լեռնային Ղարաբաղ, դեսպանը նշել է․ «Այո՛, եղել է նման հարցի բարձրացում ադրբեջանական կողմից, բայց իրանական կողմը դեռ ուսումնասիրության փուլում է, փորձում է ճշգրտել տվյալների հավաստիությունը,  դեռ հավաստի ինֆորմացիա չունենք»։

Խոսքը դեռ անցած ամիս ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունների մասին է, թե, իբր, Իրանի 14 քաղաքցիներից կազմված խումբ է այցելել Արցախ՝ «դիվերսիոն և ահաբեկչական վարժանքներ անցկացնելու»։

Իսկ հարցին, թե արդյո՞ք Իրանը Հայաստանի պաշտպանության ոլորտում համագործակցության խորացում նախատեսում է, դեսպանը պատասխանել է․ «Իրանը և Հայաստանը հարևան և բարեկամ երկրներ են, որոնք մշտապես ունեցել են շատ լավ համագործակցություններ տարբեր ոլորտներում, տարբեր հարցեր քննարկվում են, սա ներքին թեմա է, եթե հարկ լինի, կբարձրաձայնվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով