Ի՞նչ իրավիճակ է Շուշիի շրջանի գյուղերում, որոնց կապը Ստեփանակերտի հետ ընդհատվել է․ պատմում են գյուղապետերը

Ադրբեջանը արդեն չորրորդ օրն է՝ բնապահպանական պատրվակներով փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս սադրանքի հետևանքով Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերի կապը մայրաաքաղաք Ստեփանակերտի հետ ընդհատվել է։  

Infocom-ը զրուցել է այս գյուղերի ղեկավարների հետ՝ հասկանալու այնտեղի իրավիճակը։

Մեծ Շեն գյուղի ղեկավար Դավիթ Դավթյանը մեզ պատմեց, որ, չնայած ստեղծված իրավիճակին, բնականոն կյանքով են ապրում։ 

Մինչև ճանապարհի փակումը գյուղը Ստեփանակերտի հետ է կապ ունեցել, մատակարարումները այնտեղից են եղել, իսկ այժմ, երբ փակ է դեպի Արցախ տանող ճանապարհը, գյուղում անհրաժեշտ պարագաները ձեռք են բերում Գորիսից։ Նրա խոսքով՝ գյուղում այս պահի դրությամբ ոչնչի կարիք չկա։  

Դավիթ Դավթյանը հույս ունի, որ դեպի Հայաստան կապը շարունակական կլինի․ 

«Եթե չլինի, դա ուրիշ հարց ա, շատ ավելի վատ կլինի»։ Գյուղապետի խոսքով՝ գործում են և՛ դպրոցը, և՛ համայնքապետարանը, և՛ աշխատատեղերը․  «Իշխանությունները հոգ են տանում, եթե ինչ-որ բանի կարիք է լինում, Գորիսից տեղափոխում ենք»։

Գյուղը զրկված է գազամատակարարումից, իսկ տները փայտե վառարանների միջոցով են տաքացնում։ 

Դավթյանը վստահ է, որ ադրբեջանցիները բացելու են ճանապարհը․ «Բանակցում են պատկան մարմինները, ի՞նչ պիտի անեն, պիտի բացեն»։

Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը ևս պատմեց, որ գյուղում նորմալ իրավիճակ է․ «Նորմալ, սովորական, ամեն մարդ իր գործերով է զբաղված։ Ոչնչի կարիք չկա, մենք կապ ունենք Գորիսի հետ, սննդի, դեղորայքի, ցանկացած հարց մենք կարողանում ենք լուծել։ Կարելի է ասել՝ մենք շրջափակման մեջ չենք»։

Հակոբյանը պատմեց, որ այս ընթացքում երկու անգամ գնացել է Գորիս, այսօր նույնպես ռուս խաղաղապահների միջոցով Գորիս գնալու պայմանավորվածություն են ձեռք բերել։ 

Գյուղում գազամատակարարում չկա, այստեղ նույնպես գյուղացիները փայտե վառարաններով են տաքանում, դպրոցն էլ էլեկտրականությամբ են ջեռուցում․ «Նախքան այլընտրանքային ճանապարհի կառուցումը մեր գյուղը գազաֆիկացված էր, ջեռուցումը գազով էր, բայց ճանապարհով պայմանավորված ժամանակավոր անջատել են, մինչև նոր խողովակաշարը կառուցվի, հիմա էլեկտրականությամբ ջեռուցվում է»։

Եղցահողում գործում են նաև աշխատատեղերը, խանութները․ «Առևտրականները նույնպես բերում են ու ինչ պետք է, վաճառում են»։

Ադրբեջանական այս սադրանքն էլ, գյուղապետի խոսքով, սպասելի է եղել իրենց համար։

Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն էլ ասաց միայն, որ գյուղում բնականոն կյանքով են ապրում, դպրոցը, աշխատատեղերը բաց են։ Նա նույնպես նշեց, որ գյուղում ոչնչի կարիք չունեն․ «Անհրաժեշության դեպքում ստեղծում ենք կապը Գորիսի հետ ռուս խաղաղապահների աջակցությամբ»։

Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Լուսանկարը` Սիվիլնեթի։ 

Նանե Ավետիսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով