ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում բնակարանային և մեքենաների մասերի գողությունների դեպքերը |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարում բնակարանային և մեքենաների մասերի գողությունների դեպքերը։  

«Ինձ համար ևս մտահոգիչ են այդ դեպքերը։ Պրակտիկայում արձանագրում ենք, որ շատ հաճախ գործում են տարբեր խմբեր։ Վերջերս բացահայտվել է մի խումբ, որը զբաղվել է բնակարանային գողություններով ոչ միայն Կոտայքի մարզում, այլև Երևանում և մի շարք այլ մարզերում։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ կերպով կազմավորված խմբերի գործունեությանը»,-  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նման խմբերի բացահայտման արդյունքում մի շարք նախորդ չբացահայտված հանցագործություններ նույնպես համարվում են բացահայտված։ 

Սակայն, ըստ նախարարի, դեռևս անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը՝ հանցավոր գործողությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։

«Մենք նկատում ենք, որ հանցանք կատարող անձինք շատ հաճախ օգտագործում են ենթակառուցվածքային պայմանները, օրինակ՝ լուսավորության բացակայությունը, տեսախցիկների անկյունները, ինչպես նաև հատուկ հագուստ, որպեսզի խուսափեն նույնականացումից»,- ասաց Սարգսյանը։

Նախարարն ընդգծեց, որ 2025 թվականի առաջին ամիսներին բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում աճ է արձանագրվել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով