Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Աստանայի էներգառեսուրսների՝ մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և Սև ծովի նավահանգիստներով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վրաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։

«Թբիլիսին ողջունում է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքով և սևծովյան նավահանգիստներով ղազախական էներգառեսուրսների, մասնավորապես նավթի և նավթամթերքների փոխադրման ծավալների ավելացման հեռանկարները», – ասել է Վրաստանի վարչապետը։

Նա նաև նշել է, որ նպատակահարմար է ակտիվացնել աշխատանքը «Միջին միջանցքի» զարգացմանը նպաստելու և լրացուցիչ բեռներ ներգրավելու համար։

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Ասիայի միջև։ 

«Միջազգային հաղորդակցության ուղիները թույլ են տալիս մեզ դառնալ թվային հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»,- ընդգծել է նա։

Ղազախստանի վարչապետն, իր հերթին, նշել է, որ Աստանան վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանային կապի ընդլայնմանը և համապատասխան ենթակառուցվածքների ու պայմանների համակարգված բարելավմանը:

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրներն էլ ակտիվորեն համագործակցում են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով