Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի սահմանների անվտանգությունը պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ամերիկյան ռազմավարական կանոնադրությունը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։

«Դերը դնել միայն Զինված ուժերի վրա, դնել մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ։ Մենք համատեղ ջանքերով և նաև երկխոսությամբ պիտի լուծենք ծառացած խնդիրները», – ասաց նա։

Հայաստանը և Միացյալ Նահանգները երեկ ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։ Ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը. Հայաստան, որն ի զորու է պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։

Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե որքանով է Սյունիքը պաշտպանված համարում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարը նախորդ շաբաթ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց։ Իլհամ Ալիևը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։

«Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ», – շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Իսկ արդյոք մինչև այս պահը Ադրբեջանն ունեցե՞լ է հիմքեր, որ ՀՀ տարածքներ է օկուպացրել. Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե չի ցանկանում խոսել այն մասին, թե նախկինում ինչ է եղել, այլ՝ թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։ Ըստ նրա՝ չնայած տարածաշրջանը «հեշտ ժամանակներ չի ապրում», բայց առկա խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորություն կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով