Կառավարությունում կստեղծվի ակադեմիական քաղաքի նախագծի մշակման աշխատանքային խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք։

Աշխատանքային խումբը ներկայացնելու է նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություններ։ Տեղեկանքում ներառվելու է նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

«Ներառվելու են ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման, համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություններ, ինչպես նաև բուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների մասին առաջարկություն»,- ասված է որոշման մեջ։

Նախատեսվում է նաև «սպայական ակադեմիայի» ստեղծման նպատակով մշակել սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ։

Աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Խմբի կազմում ընդգրկվելու են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, Գիտության կոմիտեի նախագահ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով