news.am: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացված դիմում–բողոքի հիման ստուգում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, սակայն ստուգումը դեռ չի ավարտվել։ Այս մասին ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
«Այս պահին խախտումների մասին չեմ կարող խոսել, քանի որ ստուգումը դեռ չի ավարտվել»,–ասաց նա։
Կոտոլյանի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ–ներից միայն այդ մեկում է ստուգում իրականացվում։
Նա անդրադարձավ նաեւ կիլոգրամով գազի վաճառքին, նշեց, որ գազի գինը դրա արդյունքում չի փոխվելու. «Ակցիզային հարկի փոփոխման դեպքում քանի որ խորանարդ մետրից անցում ենք կատարում կիլոգրամի, հազար մետր խորանարդի դեպքում ակցիզային հարկը 25 հազար դրամ է, իսկ հազար կիլոգրամի դեպքում լինելու է 34 հազար դրամ։ Սակայն դա չի նշանակում, թե գազի գինը փոփոխվելու է, քանի որ 1 կգ գազը հավասար է 1.36 խորանարդ մետրի։ Այսինքն փոխվում է միայն չափման միավորը, երկրորդը՝ նաեւ «Գազպրոմի» հետ ենք զրուցել, նրանք վստահեցրել են, որ իրենց կողմից տրամադրվող գազի գինը չի փոփոխվել, ուստի հետեւություն կարող ենք անել, որ գազի գինը չի փոխվել»։