Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ջերմուկի վերաբերյալ համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում:
«Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ ՄԻՊ-ն այսօր լուսանկարներ է հրապարակել Ջերմուկ քաղաքից՝ գրելով․ «Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը»։
Ավելի վաղ Ջերմուկի համայնքապետը հայտնել էր, որ քաղաքի մուտքը խիստ սահմանափակված է, դպրոցները, մանկապարտեզները փակ են։