Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսական հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես ընդգծելով, որ նախնական հաշվարկներով, բարձր ջերմաստիճանային և տևական չոր պայմաններով աշնանային եղանակ չդիտվելու պարագայում, Սևանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավել ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է մսի շուկայի վերահսկողության արդյունքներին՝ մասնավորապես սպանդանոցների առկա վիճակին, նաև ներկայացրել է կենդանական և բուսասանիտարական հիվանդությունների մոնիթորինգի արդյունքները։

Հանդիպման ավարտին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելմանը, մարզպետարանների կողմից գյուղատնտեսական ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով