tert.am։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը , ըստ որի, Մոսկվայում ապրիլի 15-ի հանդիպումը եղել է 2016 թ-ին Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա, ասաց․
«Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։
Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում»։