tert.am: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի համատեղ զորավարժություններն ապագայում կարող են հանգեցնել «կորեական նոր պատերազմի»։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան հայտարարությունն արվել է հուլիսի 26-ին՝ կորեական երկու պետությունների միջև զինադադարի կնքման 69-ամյակի նախօրեին։
«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի անցկացրած տարատեսակ զորավարժությունները, փաստացի՝ պատերազմի փորձերը, կվերածվեն երկրորդ Կորեական պատերազմի», – ասված է նախարարության հայտարարությունում։
Հյուսիսկորեական արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժությունները սպառնում են անվտանգությանն ու հանդիսանում են Կորեական թերակղզում իրավիճակի սրման հիմնական գործոններից մեկը, մինչդեռ տարածաշրջանում խաղաղության երաշխիքները չեն կարող իրականացվել, քանի դեռ այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմական կոնտինգենտը։