armenpress.am: Ֆրանսիան Հայաստանին աջակցելու է նաև եվրոպական շրջանակներում: Այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
«Կարող եք վստահ լինել, որ մենք աջակցելու ենք ձեզ նաև եվրոպական շրջանակներում»,– շեշտեց նախարարը:
Նա հավելեց՝ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները:
«Ֆրանսիան ամեն ինչ արել է, որ ԵՄ–ի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանան ու խորանան: Օրինակ՝ վիզաների ազատականացման հարցով ԵՄ–ն ու Հայաստանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեցին երկխոսությունը: Սա, կարծում եմ՝ կարևոր առաջընթաց է՝ հօգուտ մեր ժողովուրդների մերձեցման»,– նկատեց Սեժուրնեն:
Նա նշեց, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին նաև մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով ԼՂ-ից փախստականների աջակցությանը:
Ստեֆան Սեժուրնեի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությունը շատ կոնկրետ կերպով է խորանում բոլոր բնագավառներում: Ֆրանսիան կշարունակի նաև Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդման ուղղությամբ աջակցությունը: