Իրաքի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է ծագել այն բանից հետո, երբ հրետանային ռմբակոծության հետևանքով ինը խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի Քուրդիստանի շրջանում գտնվող պուրակում: Այս մասին գրում է BBC-ն։
Զոհերի մեծ մասը իրաքցի զբոսաշրջիկներ են, նրանց թվում կան նաև երեխաներ։ Իրաքի պետական հեռուստատեսության փոխանցմամբ «կատաղի հրետանային ռմբակոծությունը» հարվածել է Զախո քաղաքի զբոսայգուն, որը Իրաքի Քուրդիստանի շրջանի և Թուրքիայի սահմանին է։ Քուրդիստանի առողջապահության նախարարը հայտնել է, որ զոհերի թվում կան երեխաներ, այդ թվում մեկամյա երեխա։ Առնվազն 23 մարդ վնասվածքներ է ստացել։
Իրաքը Անկարայից հետ է կանչել իր գործերի ժամանակավոր հավատարմատարին, ինչպես նաև կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին՝ ներողություն խնդրելու։
«Թուրքական ուժերը կոպտորեն խախտել են Իրաքի ինքնիշխանությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադըմին։
Իրաքի Քերբալա քաղաքի թուրքական վիզաների կենտրոնի մոտ էլ իրաքցի ցուցարարները ակցիա են իրականացրել ու այրել են Թուրքիայի դրոշը։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Բաղդադում և Նասիրիայում։
Հրետակոծությունը դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։
«Քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և բոլոր պետությունները պետք է հարգեն միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Անկարան մտահոգված է հարձակման հետևանքով զոհերի մասին լուրերով։ Գերատեսչությունը հավելել է նաև, որ Թուրքիան առավելագույն կերպով հետևողական է եղել՝ խուսափելու քաղաքացիական զոհերից կամ պատմական, մշակութային վայրերը վնասելուց «իր հակաահաբեկչական գործողություններում» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ։
«Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի, որ ճշմարտությունը ի հայտ գա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ հավելումով, որ Թուրքիայի ռազմական գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին․ «Մենք Իրաքի կառավարությանը կոչ ենք անում չանել հայտարարություններ նողկալի ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցությամբ ու համագործակցել՝ բացահայտելու այս դաժան արարքի հեղինակներին»։
Հիշեցնենք, որ ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։
Լուսանկարները՝ Reuters