Պայմանավորվածությունը մեկ բան է, դրա իրականացման մեխանիզմը՝ մեկ այլ. Արթուր Սաքունց |aysor.am|

aysor.am։ «Միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից շատ կարևոր է, որ հակառակորդ կողմերում գտնվող անձինք, անկախ նրանց կարգավիճակից, իրենց հարազատների հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ կալանքի տակ գտնվող անձանց հնարավորություն ընձեռել տեսակցել հարազատներին։

«Ազատազրկված անձն իր երկրում հարազատների հետ տեսակցության իրավունք ունի, իսկ ահա այլ երկրում գտնվելու պարագայում այդ իրավունքի իրացման մեխանիզմներ պետք է լինեն։ Սա շատ կարևոր է ոչ միայն անձի արտաքին կապի ապահովման, այլև նրա պահման պայմանների և անձի նկատմամբ վերաբերմունքի վերահսկողության առումով։ Սա անհրաժեշտ է, որպեսզի տեղեկատվությունը փակ չլինի։ Եթե հակամարտող կողմերի միջև վերոնշյալ պայմանավորվածությունն իրականացվի, դա շատ լուրջ քայլ կլինի», – ասաց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը բավական մեծ խոչընդոտ է հանդիսանում մարդասիրական ծրագրերի իրականացման ճանապարհին։

«Հարց է, թե ինչպես է ադրբեջանական իշխանությունը պատրաստվում իր հասարակությանը բացատրել, որ հակամարտող երկրի ներկայացուցիչները գնալու են այնտեղ՝ կալանքի մեջ գտնվող իրենց հարազատներին տեսակցելու։ Ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը մեկ բան է, դրա իրականացման մեխանիզմը՝ մեկ այլ։

Տարիներ շարունակ մենք պնդել ենք, որ մարդասիրական խնդիրները պետք է առանձնացվեն հակամարտության քաղաքական կարգավորման տրամաբանությունից։ Խոսքը վերաբերում է ռազմագերիներին և պատանդներին։ Մարդասիրական հարցերի լուծումը չպետք է պայմանավորվի հակամարտության քաղաքական լուծման գործընթացով», – ասաց իրավապաշտպանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով