armenpress.am: Մրցունակ աշխատուժը երկրի և համայնքի տնտեսության զարգացման ամենակարևոր նախադրյալներից է, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել մարդկային կապիտալի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, թիրախավորված և սոցիալական զարգացվածությունը:
Երևանում մեկնարկած Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովում այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունը որդեգրել է մարդկային կապիտալի ձևավորման շարունակական զարգացման քաղաքականություն՝ միտված աշխատանքի և բարձր արտադրողականության զբաղվածության խթանմանը:
«Նախարարության նոր ռազմավարության նախագծի շրջանակում առավել կարևորվում են մասնագիտության գիտակցված ընտրությունը, զբաղվածության խթանումը, ինչպես նաև կարիերայի զարգացման և վերապատրաստման արդյունավետ համակարգերի ներդրումը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ զբաղվածության ռազմավարությունը կընդունվի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից:
Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը՝ պետական կառավարման մի շարք կառույցներում համատեղ աշխատանքներ են իրականացվում՝ մասնավորապես աշխատուժի ձևավորման նպատակով:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհի որևէ երկրում աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է: «Մեր խնդիրն է փորձել հասնել նրան, որ կրթության մեջ կատարվող ներդրումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն ունենան նաև երկրի տնտեսական կյանքում: Կա միջգերատեսչական կայուն երկխոսություն՝ կրթություն-աշխատաշուկա կապը ուժեղացնելու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային նոր մոտեցումներ է առաջարկում. այդ թվում ՀՀ բոլոր դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի ներդրում, որը սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հնարավորություն կընձեռնի:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հավելեց, որ իրենց նախարարությունը բաց է բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր կցանկանան մասնակից լինել մեր երկրի տեխնոլոգիական փոփոխությանը:
«Շատ կարևոր են ոչ միայն ունակությունները, այլև գիտելիքները: Մեծ փոփոխություններ անելու համար միայնակ դժվար է»,- նշեց նա
Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: