tert.am: Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ, հավանաբար, երկիրը մինչև սեպտեմբեր չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հունիսի 21-ին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, գրում է iz.ru-ն։
«Հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Թուրքիայի և Շվեդիայի հետ) հանդիպմանն ըստ էության մեծ առաջընթաց չի եղել, բայց մենք գոհ ենք, որ քննարկումը սկսվել է։ Ես չէի ցանկանա ստույգ ժամկետներ նշել, բայց քիչ հավանական է, որ մենք կարողանանք դա անել (ՆԱՏՕ-ին անդամակցել) մինչև սեպտեմբեր»,- ասել է նախագահը Հելսինկիում Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Նախօրեին Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին ասել էր, որ իր երկիրը չի համաձայնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն հունիսի վերջին Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Նա հավելել է, որ վաղ թե ուշ այդ երկրները կդառնան դաշինքի անդամ, բայց, ամենայն հավանականությամբ, այս տարի դա տեղի չի ունենա։