ՆԱՏՕ-ն պատրաստ է տարիներով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, այդ թվում՝ օգնություն ցուցաբերել խորհրդային ժամանակների զենքից ժամանակակից արևմտյան զենքի և համակարգերի անցում կատարելու հարցում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Այսօր ավելի վաղ Կրեմլը զգուշացրել էր, որ արևմտյան զենքի, այդ թվում՝ ծանր սպառազինության մատակարարումներն Ուկրաինային, սպառնալիք են եվրոպական աշխարհամասի անվտանգությանը և «անկայունություն են հրահրում»։
«Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ զարգացումների։ Բացարձակ հավանականություն կա, որ այս պատերազմը կտևի ամիսներ և տարիներ», – հայտարարել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած երիտասարդական գագաթնաժողովին։
ՆԱՏՕ-ի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը շարունակելու է պատժամիջոցների և Կիևին ցուցաբերվող տնտեսական և ռազմական օգնության տեսքով առավելագույնս ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի նա դադարեցնի ներխուժումն Ուկրաինա։
Նորա Վանյան